«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չուտողներն ուտողներին չդատեն և ոչ էլ ուտողները` չուտողներին

Չուտողներն ուտողներին չդատեն և ոչ էլ ուտողները` չուտողներին
20.02.2009 | 00:00

ՀՈԳՈՎ ԿԵՆԴԱՆԻ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԵՆ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ՀՈԳՈՎ ՄԵՌԱԾ ՄԱՐԴԻԿ
Փետրվարի 22-ից բուն Բարեկենդանով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում սկսվում է Մեծ Պահքի շրջանը։ Բուն Բարեկենդանը տոն է, աշխարհիկ արք ու բարքին, վայելքներին հրաժեշտ տալու մի համեստ հավաքույթ` մերձավորներով, հոգևոր ընկերներով, որ Մեծ Պահքի ճանապարհով ընթացողները տոնում են 7-շաբաթյա իրենց ճանապարհը ելնելուց առաջ։
Փետրվարի 23-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը։

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ
Որ Մեծ Պասը մեծապես կապված է նաև ննջեցյալների հետ, այդ մասին շատ քիչ է քարոզվում կամ հիշատակվում: Մենք մեր այս զրույցում պիտի ջանանք այդ խնդիրը ևս ներառել, որովհետև նախ, ըստ առաքելական հրահանգի է այդպես, այսինքն թե` ճշմարտություն է, երկրորդը, որ առավել իմացությամբ պահեցողությունը բազում էլ օգուտներ է բերում, երրորդը, որ հոգով կենդանի ննջեցյալներն ավելին են Աստծո համար, քան հոգով մեռած մարդիկ, որ թեպետ քայլում են, բայց ի չարն են ապրում թե՛ իրենց անձի և թե՛ հասարակության համար: Այս եղանակի մեջ մի օգտակար բան ևս կա, այն, որ հաճախ ինչ մեր անձին է օգուտ, դանդաղում ենք անել, իսկ երբ լսում ենք, որ մեր զոհողությունը մերձավոր ննջեցյալների համար էլ է, չենք զլանում: Այդպես թե՛ մենք ենք վերջում շահում, և թե՛ հավիտենական կյանքի սերն է ավելանում, որովհետեւ Աստծո խոսքը գերեզմաններում կենդանի հոգիներն էլ են լսում,- ասում է Կյանքի Գիրքը:
ՓԻԼԻՊՊՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԿԱՆՈՆԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՄԱՍԻՆ
Փիլիպպոսի քարոզությամբ Սամարիայի մի քաղաքում բազմաթիվ դիվահարներ բժշկվեցին, և շատ անդամալույծներ ու կաղեր ակնթարթի մեջ առողջացան։ Այս կանոնում հիշատակված առաքյալի կործանած քաղաքն ու Ղուկաս Ավետարանիչի «Առաքյալների գործերում» պատմածը, հավանորեն, առաքյալի նույն հզոր քարոզության մասին են վկայում: Եվ կործանումը վերաբերում է քաղաքի դիվական ուժերի անկմանը, որ եղավ պահեցողության ու աղոթքի շնորհիվ: Այս մասին խոսեցինք, որովհետեւ Փիլիպպոսի կանոնում է հրահանգը Մեծ Պահքի այն խորհրդի, որ պահելու ենք թե՛ ապրողների և թե՛ ննջեցյալների հոգիների խաղաղության համար: Այժմ մեջբերենք կանոնը, որ հավատացյալ հասարակությանը քիչ է հայտնի, սակայն բազմապատիկ օգտակար է իմանալ:
ՔԱՌԱՍՈՒՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երիցս արժան է պահել, սակայն չենք պարտադրում: Բայց սահմանված աղոթքներն անխափան մատուցվեն և ըստ կանոնների կարդացվեն մարգարեական և առաքելական գրքերի համապատասխան հատվածները: Խունկ ծխեն և ամեն օր եկեղեցի հաճախեն: Յուրաքանչյուր տասնօրյակը մեկ գիշերապաշտոն իրականացնեն և ընծայական ձայնով սաղմոսեն:
Տեր Փիլիպպոսին հրամայված էր քառասունքի պահքը քարոզել այն եղանակով, որ կարգադրել էր Հովհաննես Ավետարանիչը: Եվ կարգադրել էր Տիրամոր բարեխոսությամբ: Եվ (քառասունքի պահքով) Փիլիպպոսն անհավատ քաղաքը կործանեց` հրամայելով բնակիչներին քառասունքը քառասունութ օրերում պահել` կենդանիների և մեռյալների մեղքերի պատճառով: Եվ քառասունութ օրերի թիվը, ըստ Հեսուի, ըստ քառասունութ քաղաքների է, որոնց ապավինելով ապրում էին բոլոր մահապարտները: Եվ օրվա խորհրդի կատարման համաձայն, հասնելով քառասունութ օրվան, երկդրամյանը (տուրք) տալ եկեղեցուն, որ անդրանիկներից պահանջեց Աստված` որպես փոխհատուցում ղևտացիների քահանայական ազգին այն բանի համար, որ երբ կործանվեցին եգիպտացիների անդրանիկները, որովհետև սակավ օրերի համար էին, սակայն ղևտացիներին Աստված իրենը համարեց` պահելով կործանումից: Իսկ եթե մեկի աղքատության պատճառով երկդրամյանը պակաս լինի, քահանայի հավանությամբ արժան է վերցնել»:
ՄԱՍՆԱԿԻ ԵՎ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՀՔԵՐԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Բաներ կան, որ միշտ էլ մեզ կարող է թվալ, թե անկարող ենք, սակայն երբ քայլ ենք անում, Աստված Հոգով օգնում է մեզ ու առաջնորդում: Այսինքն, մեր դարձի քայլը երբևէ անտես չի անում Աստված, որ հայրական սիրով սպասում է յուրաքանչյուրիս` Երկնային Հոր սիրո մեջ մեր վերադարձին: Այդ բաները կնկատենք, եթե համբերատար լինենք ու մեր հավատի մեջ` ազնվական: Ոմանց մոտ կարող է պահքը հաղթահարելու սկզբնական շրջանում անվստահություն լինել, այդժամ պիտի համբերել: Ապա սկսում է բարելավվել մեր գիտակցությունը, առողջությունը սկսում է հետ վերադառնալ, կամքը դառնում է արդար, բարի և կայուն, սիրտն սկսում է մաքրվել ու «երգել», բանականությունը սկսում է ճրագի պես պայծառանալ, սերն ու լույսը, արդեն երկնքի հետ մեր կապված լինելով, պայծառացնում են մեզ, այդժամ սկսում ենք հասկանալ ու գնահատել մեր նախնիների պահեցողությունն ու նրանց խոսքը պահեցողությամբ մեր ներքնաշխարհում կայացող լուսավոր, ոսկյա եղելությունների և անմահական կյանքի համի ներկայության մասին: Սակայն պահքի գերական գաղափարականն է, նպատակը, որ հաշտեցումն է Աստծո հետ, և ոչ միայն այսօրվա ապրողներիս, այլև անցյալ մերձավոր հոգիների հաշտեցումն էլ է մեզանով կայացնում, որ պահեցողներիս շնորհիվ ավելի սրբանան, կատարելանան և ապա իրենց պայծառությամբ գալիս միանում են այս աշխարհում ապրողներիս բանական դաշտին, դարձնելով մեզ հոգևորապես զորեղ ու հաղթական, աշխարհի համար անկոտրում մի ժողովուրդ: Այս դեպքում է, որ նկատելի հրաշքներ են կայանում ոչ միայն մեր կյանքում, այլև մեր հայրենիքում էլ: Իսկ եթե յուրաքանչյուր հայ Մեծ պահքը պահի, այդ կլինի հոգևոր հաղթանակների հսկայածավալ մի երթ` մխիթարության և օրհնության Աստծո բազում պատասխաններով, որոնց կարիքը մեր հայրենիքը տևապես ունի:
Իսկ ովքեր բողոքում են ասելով` տարին բոլոր պաս ենք, էլ ի՞նչ պահենք, մնում է նրանց միայն աղոթքների անխափան մատուցումը և այն հավելումները, որ կան Փիլիպպոս առաքյալի կանոնում: Այս մատուցումներին կարելի է հավելել շարականներ երգելը, դասական ընտիր երաժշտություն և հոգևոր երգեցողություն լսելը (պարտադիր չէ միայն հայերեն): Աղոթքներ կան, որ կարելի է երգելով կարդալ-մատուցել. երգը մաքրում է ժառանգական շատ ժանգեր, և Սուրբ Հոգու ներգրավումով` հաղթական կամ փառաբանության կամ գոհաբանության, ոգի-ներուժ է առաջացնում: Այսինքն թե` կա գաղափարական պահք, որ վարդապետական ամեն բան ընդունում և կատարում է, բացի ուտելիքով ևս խիստ պահք պահելուց, և կա երկուսը միասին, որ լիարժեքն է և առավել է մարմնի կամքը հոգու հանդեպ ընկճելու, հաղթանակների մեծության և կարևորության տեսակետից: Սակայն, ինչպես առաքյալն է ասում, սննդային պահքը պարտադրանք չէ, բայց արժան է համեստ ու ժուժկալ սնվելը: Այս դեպքում կարևորը հավատն է և ոչ թե սնունդը: Պողոս առաքյալը, որ չուտողներն ուտողներին չդատեն և ոչ էլ ուտողները` չուտողներին, ասում է. «Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և գոհութիւն է յայտնում Աստծուն. և ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում և գոհութիւն է յայտնում Աստծուն: Արդարև, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում և իր համար չի մեռնում. եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. և եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում: ...Ապա, ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար: ՈՒստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել: Այս գիտեմ և վստահ եմ Քրիստոս Յիսուսով, որ ինքն իրենից չկայ պիղծ բան, այլ, ով կարծում է, թէ մի բան պիղծ է, այդ իր համար է պիղծ. որովհետև եթէ ուտելիքի համար քո եղբայրը տրտմում է, այլևս սիրով չես վարւում: Քո ուտելիքով կորստեան մի՛ մատնիր նրան, որի համար մեռաւ Քրիստոս: Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան, որովհետև Աստծու արքայութիւնը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն և խաղաղութիւն և խնդութիւն Սուրբ Հոգով. որովհետև, ով այս ձևով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն և գովելի՝ մարդկանց առաջ: Ապա, ուրեմն, հետամուտ լինենք խաղաղութեան և շինութեան՝ միմեանց հանդէպ: ՈՒտելիքի համար Աստծու գործը մի՛ քանդիր. ամենայն ինչ մաքուր է, բայց վատ է այն մարդու համար, որ ուտում է կասկածամտութեամբ:
Լաւ է չուտել միս և չխմել գինի, ոչ էլ անել մի բան, որով քո եղբայրը գայթակղւում է կամ սայթաքում կամ տկարանում...»:
Բնականաբար, պահքի շրջանի համար է ասվում` լավ է չուտել միս և չխմել գինի: Իսկ կուսակրոն աբեղաները հաճախ ընդհանրապես էին մսից հրաժարվում, Առաքյալի ասած` «ավելի լավի» հետևորդ դառնալով, տեղեկացնում է Կիլիկիայի օրենսդիր Սմբատ Սպարապետը: Իսկ մեր ժողովրդի մեջ Մեծ պահքի հարցը պարզորեն է լուծված` բուսական սնունդ ենք օգտագործում, ընդեղեն, ճաշերը ձեթով պատրաստելով, այդ շրջանում հրաժարվելով մսից: Կան, որ միայն աղ ու հաց են ճաշակում, որ ավելի խստականոն է, և առավել օգտակար գործածականով է նշվում, նաև քիչ է հոգս պատճառում, և, ըստ այդմ, Մեծ պահքի շաբաթներն անվանվել են նաև Աղ ու հացի շաբաթներ: Նաև պիտի տարբերենք ժողովրդական պահեցողությունն ու վանական պահեցողությունը: Բնականաբար, վանական կուսակրոնը կարող է Մեծ պահքը գրեթե ծոմով էլ անցկացնել կամ երեկոները միայն փոքր ինչ սնունդ ճաշակելով, կամ կային հզոր այրեր, որ շաբաթը մեկ էին ուտում կամ սնվում էին միայն մրգերով` հաց չէին ճաշակում, և այլ եղանակներ կան: Սակայն Մեծ պահքի մասին մեր խոսքը ժողովրդական չափանիշներով է և ոչ վանական կուսակրոն կյանքով ապրողների համար, երբ ժողովուրդը միս չի օգտագործում միայն պահքի ժամանակ: Յուրաքանչյուրն իր սնման խիստ կամ միջին, ժուժկալ եղանակն ինքը պիտի ընտրի, մանավանդ որ պահքի թագն ու պսակը գաղափարականն է. այն, որ մարդը Աստծուն հաճելի լինելու համար պահի և ոչ թե մարդկանց երևալու անլուրջ պահք, թե տեսեք` պահք եմ պահում:
ՊԱՀՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԽՐԱՏԸ
Պահքի մասին Հիսուսն ամենքիս հետևյալն է խրատում. «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երևան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լուա՛ քո երեսը, որպէսզի չերևաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»:
Բնականաբար, ծոմն ու ժուժկալելով պահքն իրենց խստությամբ և զորությամբ տարբեր են, սակայն վարմունքը նույնն է. կեղծորեն չարչարվելու կերպարանք պիտի չընդունել, ասես մարդկանցից գովեստ ստանալու նպատակով, որ լուրջ պահեցողության հետ ամենևին կապ ունենալ չի կարող, եւ Աստծուց էլ ցուցադրական պահողն անվարձահատույց, դատարկաձեռն է մնում:
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹ ՕՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Փիլիպպոսի Մեծ պահքի կանոնն արտաքուստ է տարբերվում մեր եկեղեցական կարգից, որովհետև ճշմարտության մեջ նույնն են: Մեզ համար հիմք է, որ Հիսուս քառասուն օր ծոմ պահեց (մեղավորների` քառասուն տարիներ անապատի մեջ մոլորման, ամբարիշտության ընթացքի դիմաց) և ոչինչ չկերավ ու ոչինչ չխմեց, ապա Փրկչի պահած քառասուն օրերին ավելացնում ենք Նրա չարչարանքների շաբաթը, որ կրկին քառասունութ օր է ստացվում: Սակայն պիտի հիշենք, որ ղևտացիների քահանայական ազգը քառասունութ քաղաքներ ուներ և ոչ պատահականորեն: Պահեցողության քառասունութ օրերը քահանայական բանավոր այդ քաղաքներում Աստծուն հաճելի վարքով ապրելուն են նույնանում: Հիսուսն իր պահեցողությամբ յուրաքանչյուր իրեն դիմողի համար յուրաքանչյուր օրը որպես Իր արյամբ պաշտպանված քահանայական մի-մի քաղաք դարձրեց` փրկության օր-քաղաք, որպեսզի մեղավորներս Տերունական այդ օր-քաղաքների մեջ պահեցողությամբ փախչելով` ազատվենք Աստծո օրենքի դատաստանից և ապաշխարելու, նոր մարդ դառնալու, հոգով նորոգվելու լիարժեք հնարավորություն ունենանք և ոչ միայն մեզ համար ենք պահում, այլ ննջեցյալների հոգիների համար ևս Տիրոջով միջնորդներ ենք դառնում: Եվ Մեծ պահքն ամենքի համար է, քանի որ բոլոր ադամորդիներս մեղանչական մարմին ունենալով պարտապան ենք սրբացման: Բնականաբար, հսկայական է տարբերությունն օրենքի Հնի և շնորհի Նորի. մի դեպքում մեղավորը, եթե նրան հաջողվեր, պիտի փախչեր փրկության քաղաքներից մեկը, որպեսզի ապրեր, իսկ Քրիստոսով, առանց տեղաշարժվելու, Քրիստոսին իր հույսն ընդունողը պահք ու աղոթքով ամիջապես էլ հայտնվում է փրկության օր-քաղաքների մեջ: Եվ այս փախուստդ դեպի կյանք պահքով կարող ես անել գրպանումդ առանց մի գրոշ ունենալու: Պահքը մի վայր է, ուր աղքատությունդ շնորհ է և ոչ ոք չի պարսավում:
Բնականաբար, մենք Մեծ պահքը պահում ենք` քառասունօրյա պահքին ավելացրած Փրկչի չարչարանքների շաբաթը, սակայն Փիլիպպոսի կանոնում հիշատակված քահանայական քառասունութ քաղաքների խորհրդի իմացությունը, որ մեր պահքը կենդանիների և մեռյալների մեղքերի պատճառով է, ավելացնում է մեր պահքի լրջությունը և արժեքը, Աստվածալույս մարդասիրության լայն հնարավորություններ տալով, որ ծածուկ պահքով դրսևորենք մենք մեզ Ամենատես Աստծո առաջ:
ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Հայոց եկեղեցում Մեծ պահքի յոթ շաբաթներն առանձին իրենց իմաստավորումներն ունեն։
Առաջին շաբաթը կոչվում է Արտաքսման, որ առաջին մարդկանց արտաքսումն էր դրախտից: Երկրորդը` Անառակի, որ մարդն անառակ որդու նման պահքով ու ապաշխարությամբ վերադառնում է Աստծուն: Երրորդը` Տնտեսի, որ մարդկանց պարտքերին թողություն շնորհելով, իմաստություն է ունենում հավիտենական հենարանի համար բարեկամներ ձեռք բերել: Չորրորդը` Դատավորի, որ եթե շարունակական, անդադար աղոթենք Աստծուն, Աստված, ի վերջո, կլսի մեզ, քանի որ եթե անիրավ դատավորը այրի կնոջ ամենօրյա, առանց հոգնելու խնդրանքից օձիքն ազատելու համար ելավ նրա դատը պաշտպանեց, ապա որչափ առավել Աստված, որ ինքն է որոնում մեր դարձն ու դեպի կյանք մեր խնդրանք-արցունքները հաշվի առնելով: Հինգերորդը` Գալստյան. Տիրոջ պատասխանը, հոգեւոր գալուստը մեր մեջ, մեր դարձին ի պատասխան: Վեցերորդը` Ծաղկազարդ, երբ Հիսուսը մտնում է Երուսաղեմ, հոգևոր իրողություն, ուր պահեցողի սիրտն է որպես Երուսաղեմ: Յոթերորդը` Սուրբ Զատիկ: Տիրոջ չարչարանքների, խաչի վրա մահվան, թաղման շաբաթը, որ ավարտվում է աշխարհին հաղթելով` Սուրբ Հարությամբ, որ մեզ համար Զատիկ եղավ, որովհետեւ կենդանիների զոհերի փոխարեն իր կյանքը տվեց մեզ, աշխարհից զատեց մեզ, որ հավիտյան ապրենք: Ներքին մի իրողություն, որ զատում, անհատականացնում է պահեցող մարդուն` որդի-ծառա, երկնքի քաղաքացի աստիճանակարգում:
ՄԵԾ ՊԱՀՔԻՆ ՕԳՏԱԿԱՐ ՄԻ ՔԱՆԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ
Եթե անգամ ոչինչ չուտենք ու չխմենք, բայց անողորմ մնանք, ի՞նչ պիտի շահենք: Մեծ այրերն անգամ այս մասին հառաչանքի խոսքեր ունեն: Այսինքն թե` Մեծ պահքը մեխանիկական կատարում պիտի չլինի, այլ հոգևոր ընթացք, նոր ու ավելի կատարյալ մարդ դառնալու հետևորդումով և նվիրումով և Աստվածային ողորմածությամբ:
Հիսուս սովորեցնում է մեզ` հավատով աղոթել և թողնել այլոց հանցանքները` մեր մտքի մեջ դրանք չդատելով. «Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք և հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ: Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները» :
Այստեղ մի նուրբ հարց է առաջանում, որ միասին քննենք, որովհետև ոմանք քրիստոնեությունից` միայն ոչ տեղին ներման պատճառով երես են թեքում: Որովհետև ամեն ինչ ներել` նշանակում է նաև հանցանք աճեցնել: Պատճառը, կարծում ենք, զուտ թարգմանական շեղության բնույթ ունի, որովհետև «թողություն» բառը հաճախ որպես ներում են ընթերցում-թարգմանում: Օրինակ. թուրքը եղեռնել է մեր ազգին, ինչպե՞ս պիտի ներես: Սակայն կարող ես թողնել իր արածը իրեն և որ Աստծուն ինքը պատասխան պիտի տա, որն էլ թուրքի ապաշխարությունը կլիներ: Այսինքն, ներումը ոչ մահացու մեղքերին է միայն վերաբերում և ոչ թե մահացու: Դիմացինի մեղքերը թողնել նշանակում է` իրեն, գործողին դրանք թողնել, որ ապաշխարի: Իսկ ներել, նշանակում է այդ մահացու հանցանքները քո վրա վերցնես և ինքդ ապաշխարես: Մի բան, որ մահացու հանցանքի դեպքում կարող է ներողին կորստի մեջ դնել, անտանելի վիճակի, իր չգործած հանցանքին դարձնելով գործողի հետ գրեթե հավասար պատասխանատու: «Ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած» (Մարկոսի Ավետարան): Եվ Հիսուս Քրիստոս մեր մեջ Աստված լինելով, մեղքերին թողություն տվեց և պատվիրեց, որ հետևորդներս ևս մահացու մեղքերին թողություն տանք: Մեղքերի թողության ժամանակ մարդն ապաշխարելու բան է ունենում և ինքն իր խաչից չի փախչում: Եվ այդ ապաշխարություններից մարդկության մեջ բազմաթիվ բարելավություններ են լինում: Ղուկասի Ավետարանում Հարություն առած Հիսուսը ճամփորդներին իր առաքելությունն այսպես է բացատրում. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, և քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն և մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած»:
Նույնը տեսնում ենք թագավորական աղոթք «Հայր-մեր»-ում. «Եւ թող զպարտիս մեր...»: 1981թ. Մայր Աթոռի տպագրած Ավետարանում, որի խմբագրման աշխատանքներին, լսել եմ, Պարույր Սևակն էլ է մասնակցել, գրաբարից աշխարհաբարի վերածելով է. «Եվ թող մեզ մեր պարտքերը...»: Նոր թարգանությամբ այլ է. «և ների՛ր մեզ մեր յանցանքները...»: Ոչ թե չի կարելի այդպես խնդրել, «ներիր» ասել, որ ներելի հանցանքների ժամանակ ասում ենք և հաճախ էլ մեր մերձավորներից ենք ներում խնդրում` այս կամ այն մեր սխալների համար: Սակայն Տերունական աղոթքի մեջ առավել արժեքավոր է թողությունը, որովհետև «թողություն» բառի մեջ ապաշխարության հանձնառություն կա, իսկ ներում ստացողը կարող է գնալ իր չարությունը շարունակել, ինչպես ավետարանական առակում է պատմվում: Մի մարդու մեծ պարտքը ներում են, իսկ նա իրեն փոքր պարտք ունեցողին գնում, բանտի ու հալածանքի է մատնում: Եվ Տերը, որ մեծ պարտքը ներել էր, փոշմանում ու դատաստանի է ենթարկում այդ ապերախտին` նրա ողջ ընտանիքի հետ միասին: Խնդիրն այն է, որ թողություն խնդրելու դեպքում մարդն ապաշխարություն է հանձնառում: Ես համակարծիք եմ նրանց, որ ասում են` առանց ապաշխարության մահացու մեղքերի նաև Ավետարանի դեմ եղած հակառակության ներումը կարող է մեծ էլ վնասներ գործել, նաև մեծ խոզությունների, ապերախտությունների տեղիք տալ: Իսկ թողության դեպքում մարդն իր ապաշխարության խաչից չի փախչում: Գոշի եւ Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, քրիստոնյա հանցավորին ավետարանական ներմամբ դատ անելուց բացի, հանձնարարվում է եկեղեցական ապաշխարության պարտավորություն, որ իրականանում է եկեղեցու դատավորների հսկման միջոցով: Եթե ոչ, առանց ապաշխարության, միայն ներմամբ` քրիստոնեությունը մեղքերի բուծարանի կվերածվեր: Այս պարագան տեղին հաշվի չառնելով, հնարավորություն է ստեղծվում, որ Քրիստոսի հանդեպ խոզություն անողները մտնեն եկեղեցի ու սրբարան և գայլություն անեն` ամեն ինչ ներվում է, ուստի և ամեն ինչ կարելի է, իրենց իսկ սուտ խոսքն ասելով: ՈՒստի ներումը ոչ մահացու հանցանքներին է վերաբերում և առանց լիարժեք ապաշխարության շարունակության չի լինում:
Ամուսնացածներին միշտ հետաքրքրում է, թե պահքի ժամանակ ինչպես վարվեն անկողնային խնդիրներում: Պողոս առաքյալն այդ մասին սովորեցնում է. «Մի՛ զրկէք միմեանց, այլ միայն այն դէպքում, եթէ միառժամանակ համաձայն էք, որ աղօթքի նուիրուէք. և վերստին միմեա՛նց դարձէք, որպէսզի Սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալութեան պատճառով: Այս ասում եմ թոյլ տալով և ոչ թէ հրաման տալով»:
Նաև ավելացնենք, որ կանայք աղոթքի կանգնելիս, ինչպես Պողոս առաքյալն է խրատում. «Գլխաշոր կրեն»: Նաև աղոթքի ժամանակ լավ է մոմ վառել: Խունկ ծխելն ու մոմ վառելը հարաբերվում են ննջեցյալների հետ վարվելու խորհրդին. ննջեցյալների, որոնց հոգիների համար է նաև Մեծ պահքը:
ՄՈՄԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Մոմերը Հին Կտակարանից Աստծո այն խորհրդանշան հանձնարարությամբ է, թե` ճարպերն իմ առջև այրես: Մոմը նաև այրելիս սրբագործման դեր է կատարում: Դիվական, գեշ հոտ ունեցող ոգիներ կան, որ միանալով մոմի ճարպին` այրվում են, և օդը սրբվում է, մաքրագործվում: Ինձ ծանոթ սրճարանի տեր Արտաշը սրճարանի օդը մաքրելու համար հաճախ այդ միջոցին է դիմում և վկայում է, թե լավ արդյունք է ստանում: Բնականաբար, այս տեսակետից եկեղեցում մոմ վառելը թե տհաճ ու գեշ հոտով դևերի դեմ է ու նաև աղոթքի ժամանակ մարդու ներքին բացասումներն է իր մեջ ներառում, ու դրանք այրվում են մոմի հետ, և մարդը խաղաղվում է: Ավելին, մարդու մեջ մեղքերի պատճառով առաջացող մահը սպիտակ մառախուղի նման է, որ հակում ունի ճարպերին միանալու: Երբ մեկն իր անունով կամ որևէ մեկի անունով մոմ է վառում և աղոթում, ապա մոմը մարմնի որպես մաս է դիտվում, և մեղքի պատճառով մարդու մեջ առաջացող մահը, որ կարելի է ապրող մարդու համար անվանել ձախողություն, անհանգստություն, տհաճ վիճակներ, դիվական հարձակում և այլն, մոմի հետ միանալով` այրվում են, և աղոթող մարդն առավելս է մաքրվում, քան եթե առանց մոմ վառելու աղոթեր: Բնականաբար, ոչ միայն եկեղեցում, նաև տանն էլ աղոթելիս կարելի է մոմ վառել: Այսինքն, մոմի խորհուրդը փոքր չէ, արժեք ունի և օգտակար է: Այնուամենայնիվ, Քրիստոսին մեր հավատալն է գերական ամեն բանում և ամենայնժամ: Մաղթում ենք ձեզ և մեզ Մեծ պահքի շրջանում ամենօրյա աղոթքների քաջություն, շնորհով ապաշխարության արդարացումներ և հավատի, հույսի ու սիրո առավելացում:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ